Ընտանիք... Որքան խորն է այս բառի իմաստը: Ես ծնվել և մեծանում եմ մի ընտանիքում, որտեղ արժեհամակարգի հիմքում դրված է սերը, բարությունը, ազնվությունը, բարոյականությունը, հարգանքն ու աշխատասիրությունը: Շատ եմ սիրում լսել ծնողներիս պատմությունները իրենց վաղ պատանեկության ու երիտասարդության տարիների մասին: Մայրս պատմում է, որ 13 տարեկանում, երբ արդեն կարդացել էր հայ և արտասահմանյան գրականության բոլոր պատմավեպերը' առանց բացառության, հետաքրքրություն է առաջանում ուսումնասիրել դետեկտիվ ժանրը: Եվ սկսում է ընթերցել Ագաթա Քրիստիի, Ա. Կոնան Դոյլի ստեղծագործությունները ու հասկանում, որ աշխարհում կա մի շատ հետաքրքիր մասնագիտություն, որ կոչվում է իրավագիտություն և սկսում է փայփայել իրավաբան դառնալու թաքուն երազանքը, որին հասնելու համար պետք էր ինքնակրթվել, սովորել, սովորել ու էլի սովորել: Եվ լինելով նպատակասլաց մարդ' մայրս իրականություն է դարձրել իր երազանքը: Հայրս ևս մասնագիտություն ընտրելիս' երբեք չթերագնահատելով ոչ մի մասնագիտություն, այնուամենայնիվ նախընտրել է իրավաբանի մասնագիտությունը' հաշվի առնելով իր մարդկային տեսակը' մարդկանց օգնելու, ծառայելու ի բարօրություն սեփական պետության, հասարակությանը' իր իրավունքներն ու պարտականությունները գիտակցելու ընկալմանը նպաստելուն: Եղբայրս, որ մեծացել է մի ընտանիքում, որտեղ երեկոյան ժամերին զրույցները հւմնականում ծնողներիս մասնագիտական թեմաներով էին, ևս որոշեց իրավաբան դառնալ: Հետևելով ծնողներիս վառ օրինակին, նա ևս ընդունվեց և ավարտեց Մայր ԲՈւՀ-ի իրավագիտության ֆակուլտետը' որտեղ սովորել էին ծնողներս: Ես նույնպես խորին հարգանք եմ տածում այս հետաքրքիր ու բազմապրոֆիլ մասնագիտության նկատմամբ և ցանկություն ունեմ ուժերս փորձել այս ոլորտում կրթություն ստանալու և մասնագիտանալու գործում: Արդեն երկու տասնամյակից ավել հայրս աշխատում է Ազգային Անվտանգության ծառայությունում և իր մասնագիտական գիտելիքներով նպաստում է հզոր ու անկախ պետականության կերտման գործընթացին: Մայրս աշխատում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում: Նա ևս անմասն չի մնում Հայաստանի Հանրապետության օրենսդրական դաշտում տարիներ շարունակ առկա բացթողումները կարգավորելու գործընթացում: Եղբայրս որոշեց իր մասնագիտական գիտելքները օգտագործել մեկ այլ ևս շատ կարևոր ոլորտում' Պետական եկամուտների կոմիտեում' կարևորելով հարկային օրենսդրությունը մեր պետության տնտեսության զարգացման այդքան խոցելի ոլորտում: Անկեղծ ասած' ես շատ հպարտ եմ իմ ընտանիքով' իմ ծնողներով: Անկախ մասնագիտությունից' նրանք առաջին հերթին լավ մարդ են, հոգատար ծնողներ, հասարակության լիիրավ անդամներ, վառ անհատականություններ: Նրանք ինձ դաստիարակել են լինել հայրենասեր, խոհեմ, հարգել մեծերին, օգնել թույլերին, կյանքի ցանկացած իրավիճակում չդավաճանել ինքդ քեզ ու չկորցնել խիղճը: Ուզում եմ խոսքս ավարտել Մեծն բանաստեղծի' Հ. Սահյանի հանճարեղ տողերով. Թե հնար լիներ աշխարհ գալ նորից, Կուզեի ծնվել նույն հոր ու մորից...
Комментариев нет:
Отправить комментарий