четверг, 30 апреля 2020 г.

Հասարակագիտական ստուգատես

Հասարակագիտական ստուգատես՝ Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունները.

«Հայաստանը և հարևանները» հասարակագիտական նախագիծ.



Ես' Արամայիս Գրիգորյանս, որ ծնվել ու մեծացել եմ Հայաստանի Հանրապետությունում այն հասակից, երբ սկսվել է իմ գիտակցական տարիքը, կյանքը, լսել ու հասկացել եմ, թե որքան խոր արմատներ ունեն հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հակամարտությունները: Իսկ վերջին մեկ տարում, ելնելով ապագայիս ծրագրերը իրականացնելու ցանկությունից, էլ ավելի մանրամասն եմ ուսումնասիրել և' հայ-թուրքական, և' հայ-ադրբեջանական հարաբերությունները: Այս թեմայով կարելի է հատորներ գրել ու էլի ունենալ  անսպառ ասելիք...
Կփորձեմ լինել հնարավորինս սեղմ այս պատմական ու քաղաքական գլոբալ հարցի մեկնաբանման հարցում: Հայ-թուրքական հարաբերություններում լարվածությունը սկսվել է դեռևս 19-րդ դարի վերջերից: Հայաստանը միշտ էլ կռվախնձոր է եղել Թուրքիայի և Ռուսաստանի միջև, մեր երկիրը  ոսկոր էր Թուրքիայի կոկորդում: Թուրքիային Հայաստանը պետք էր առանց հայերի, որպեսզի բաց լիներ ճանապարհը դեպի արևմուտք, իսկ հայ ժողովուրդը խոչնդոտում էր Թուրքիային շատ նպատակներ իրականացնելու ճանապարհին: Դա էր պատճառը, որ 1914-1915թթ. թուրքական իշխանությունների գաղտնի որոշմամբ տեղի ունեցավ մեծ ոճրագործությունը' Հայոց Մեծ Եղեռնը, որի ընդունման հարցում մեկ դարից ավել է ցինիկաբար ժխտողական քաղաքականություն է վարում Թուրքիան: Եվ 70 տարի հետո, դեռ հին վերքերը չսպիացած, հարևան Ադրբեջանում տեղի ունեցան Խոջալուի և Սումգաիթի դեպքերը: Այդ  քոչվոր կյանքով ու կենցաղով ապրած ադրբեջանցիները, ընդօրինակելով իրենց պապերին, տեսնելով, որ կարելի է ոճրագործություն կատարել և մնալ անպատիժ, նույն ձեռագիրը կրկնեցին: Եվ այսօր ունենք այն, ինչ ունենք...

Եվրոպական գերհզոր պետությունները, ԱՄՆ-ը փորձում են Թուրքիային բացատրել' ընդունել սեփական սխալները: Սակայն այդ ամենն արվում է շատ նուրբ ու քաղաքակիրթ տարբերակով: Չէ՞ որ խոսքը գնում է աշխարհի մեկ այլ գերհզոր պետության մասին, և ոչ մի երկիր չի ցանկանում քարտեզի վրա չերևացող փոքր պետության շահերը պաշտպանելով՝ հարաբերություններ խեղաթյուրել Թուրքիայի նման հզոր պետության հետ, որի ռազմաարդյունաբերական համալիրը աննկարագրելի հարուստ է ու կայուն: Այդ հզոր կարգավիճակից անմասն չի մնում նաև Ադրբեջանը: Այս ամենի հետևանքն էր նաև Ապրիլյան քառօրյա պատերազմը, որի մասին ես կփորձեմ լռել, պատմությունը դեռ դրա գնահատականը կտա, պատմաբանները, քաղաքական կառույցները կանեն իրենց հետևությունները և հուսով եմ, գոնե այսքանից հետո, դասեր կքաղեն բոլոր նրանք, ովքեր անգամ մի փոքր դետալով իրենց մեղքի բաժինը ունեն այդ հարցում: 
Իրոք, այս թեմայով ասելիքս անսպառ է, բայց փորձեմ այն ավարտին հասցնել ու ավարտել ուրախ նոտայով: Անկախ ամեն ինչից, որ Թուրքիան որոշել էր «մեկ հայ թողնել, և այն էլ՝ թանգարանում», որ Ադրբեջանը ցանկանում է ետ բերել՝ իր կարծիքով գրավյալ տարածքները (իսկ իրականում դրանք ոչ թե գրավված, այլ ազատագրված տարածքներ են), հայի ոգին անկոտրում է և հայ ժողովուրդը բազմիցս ապացուցել է, որ ցանկացած օրհասական պահի կարող է մի բռունցք դառնալ: Եվ Հայաստան-Սփյուռք-Արցախ գերակայությունը հաղթելու է՝ ապացուցելով ողջ աշխարհին, որ հային ծնկի բերել անհնար է: 
Ուզում եմ խոսքս ավարտել Գ. Էմինի հայտնի բանաստեղծության տողերով'
-Եվ չի հաղթի ոչինչ այն հին ժողովրդին, 
 Որ այս ջանքո'վ ու այս կամքո'վ պարել գիտի...
 Հասկացան ու ասին ի լուր ողջ աշխարհի                                              ---   Հալալ է քեզ Սասու'ն, պարի'...

Комментариев нет:

Отправить комментарий